Պեկինի 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կարող են չկայանալ:
Այս մասին գրում է Reuters-ը: Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Ռիչարդ Պաունդն այն կարծիքին է, որ եթե Տոկիոյի 32-րդ առամային Օլիմպիական խաղերն առհասարակ չեղարկվեն, հնարավոր է, որ Պեկինի ՕԽ-ն ևս չկայանա:
Ավելի վաղ լուրեր կային, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի բացառում ՕԽ նորից հետաձգելու հնարավորությունը: կազմակերպիչները ձգտում են խաղերն անցկացնել 2021 թվականի ամռանը, սակայն եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խաղերը չանցկացվեն ամռանը, ապա հնարավոր է, որ դրանք ևս մեկ անգամ հետաձգվեն:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: