Հայաստան-Ադրբեջան պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության և գնդակոծության հետևանքով գույքի և շինության վնասման 51 դեպք է գրանցվել։ Հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց Հայկ Չոբանյանը։
«Դրանցից 4-ը ենթակառուցվածքների, 4-ը տրանսպորտային միջոցների, 2-ը ընտանի կենդանիների և 41 շինությունների վնասման դեպքեր են։ 41 շինություններից 22 շինություն վնասվել են այսօրվա ընթացքում։ Շինությունների նախնական ուսումնասիրությամբ՝ 2 շինություն ենթակա է լիարժեք վերականգնման»,- ասաց Չոբանյանը։
Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ:
Տավուշի մարզպետանարանը հուլիսի 16-ին քննարկումներ է ունեցել Կառավարության հետ և ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գնահատման, գույքագրման հանձնաժողով, որը ամենօրյա տեղեկություն պետք է տա վնասների չափի և ծավալների վերաբերյալ։