կարևոր
1437 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-16 21:16

Ադրբեջանի որոշ դեսպաններ դավաճանել են երկրին և չեն թաքցնում դա. Ալիևը կրկին քննադատում է ԱԳՆ-ին

Ադրբեջանի որոշ դեսպաններ դավաճանել են երկրին և չեն թաքցնում դա. Ալիևը կրկին քննադատում է ԱԳՆ-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական մի շարք դիվանագետներին մեղադրել է պետական դավաճանության մեջ՝ նշելով, որ դա կադրային սխալ քաղաքականության հետևանք է։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ակտիվ քայլեր է ձեռնարկում բոլոր երկրների հետ բնականոն բարեկամական և գործընկերային հարաբերությունների հաստատման համար, բայց դա չի նշանակում, որ պետության, ժողովրդի շահերը պետք է մի կողմ դնել:

«Արտերկրում մեր դիվանագետներից ոմանք դարձել են այդ երկրների դեսպանները, որտեղ նրանք աշխատում են: Այս երևույթին պետք է վերջ տրվի: Սա կադրային սխալ քաղաքականության հետևանք է: Որոշ դիվանագետներ դավաճանել են պետությանը, դավաճանել և չեն թաքցնում դա: Նրանք այն երկրների հատուկ ծառայությունների վերահսկողության տակ են, որտեղ ապրում են»,- նշել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահն այս մասին բավականաչափ տեղեկություններ ունի, և ըստ նրա՝ ադրբեջանական դիվանագետները այդ երկների հատուկ ծառայությունից գումարներ և ցուցումներ են ստանում։ «Մեր հատուկ ծառայությունները բազմիցս տեղեկացրել են այդ երկրների հատուկ ծառայություններին, որոնք մեր գործընկերներն են: Ասել ենք, որ գիտենք՝ դուք եք ղեկավարում այդ մարդուն, դուք նրան տուն եք տրամադրել, այդ մարդը ձեր կամքով կեղտոտ քայլեր է անում: Մենք գիտենք այս ամենը: Ես կրկին ուզում եմ ասել, որ սա ցույց է տալիս այդ երկրների կեղծավորությունը: Մի կողմից՝ նրանք մեզ ընկերության ազդակներ են ուղարկում, խոսում գործընկերության մասին, բայց, ըստ էության, նրանք քարոզչություն են անում մեր դեմ: Նրանց նպատակը Ադրբեջանը թուլացնելն է, խարխլելն ու առաջնորդների մասին սուտ տարածելն է: Բայց կյանքը ցույց է տալիս, որ դա նշանակություն չունի: Քանի որ ադրբեջանցի ժողովուրդը ամեն ինչ լավ գիտի: Նա գիտի, որ այսօր մեր գործունեության մեջ առաջին հերթին ադրբեջանցու շահերն են»,- եզրափակել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը հուլիսի 15-ին էլ խիստ քննադատության էր ենթարկել ԱԳ արդեն նախկին նախարար Էլմար Մամեդյարովին, որին հուլիսի 16-ին ազատել է պաշտոնից: Նրան փոխարինել է Ջեյհուն Բայրամովը: