Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի առնչությամբ կոչ է արել անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատել և զերծ մնալ հետագա լարումից: Այս մասին նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:
Նա շեշտել է, որ խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումների շարունակությամբ: Լինկևիչուսը նշել է, որ լարումը որևէ կողմի համար շահավետ չէ և կողմերին կոչ է արել անհապաղ հաստատել հրադադարի ռեժիմ, զերծ մնալ հետագա լարումից, վերադառնալ երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,-հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ավելի ուշ Ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել հայկական դիրքերը, թիրախավորել էր նաև քաղաքացիական օբյեկտները: