կարևոր
1070 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-16 14:00

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի պատասխան հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի պատասխան հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի՝ երեկ տարածած պատասխան հայտարարությանը։

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր.

«Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Տավուշ մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարությունը՝ այդ թվում նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդես են եկել մի շարք պաշտոնական հայտարարություններով:

Այդ հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլև Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը և նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի ‹‹պատմական առաքելության›› վկայակոչմամբ:

Պատմական առաքելության և էթնիկ կամ կրոնական ընդհանրությունների վկայակոչմամբ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը հարևան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և Հյուսիսային Աֆրիկայում՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ տարածաշրջանների ժողովուրդներին»։

Ի պատասխան այս հայտարարության՝ Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է.

«Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիվ գործողությունները կոծկելու համար Հայաստանն այժմ էլ փորձում է վարկաբեկել Թուրքիային։ Անհիմն հայտարարությունների և ստի վրա հիմնված արտաքին քաղաքականությունը ոչ մի օգուտ չի բերի ոչ տարածաշրջանին, ոչ ինքնին Հայաստանին», - նշվում է հայտարարության մեջ՝ մեղադրելով Հայաստանին նաև Հարավային Կովկասում իրադրությունը սրելու մեջ։

Թուրքիան նաև մեղադրել է Հայաստանին թշնամություն հրահրելու, պատմական իրադարձությունների կեղծման և ագրեսիվ պահվածքի մեջ և կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ «խելքի գալ»՝ մոռանալով, որ ինքն անձամբ է օկուպացրել Կիպրոսի հյուսիսային մասը, Սիրիայի հյուսիս-արևմուտքը, Իրաքի հյուսիսը, կեղծում պատմական փաստերը և ժխտում Հայոց ցեղասպանությունը։