Արգենտինացի բժիշկները մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով ախտահարման 4 250 դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է համավարակն սկսվելուց ի վեր: Հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել Է հարավամերիկյան հանրապետության առողջապահության նախարարությունը. գրում է ՏԱՍՍ-ը:
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 111 160-ի: Ամենից շատ նոր դեպքեր են արձանագրվել Բուենոս Այրեսի նահանգում՝ 2 734:
Նրան հետեւում է մայրաքաղաքը 1 220 դեպքով: Ավելի վաղ Արգենտինայում մեկ օրում նոր վարակումների թիվը չի գերազանցել 3,6 հազարը: Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով 82 հիվանդի մահ, մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել է 2 050-ի: Առողջացել է 47 298 մարդ: Մարտի 3-ին Արգենտինայի իշխանությունները հավաստել են կորոնավիրուսով ախտահարման՝ երկրում առաջին դեպքը:
Մարտի 20-ից Արգենտինայում սահմանվել է ընդհանուր կարանտին: Հունիսի 4-ին նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը հայտնել է տարածաշրջանների մեծ մասում պարտադիր սոցիալական մեկուսացման ռեժիմի չեղարկման մասին: Բուենոս Այրեսի նահանգում եւ մայրաքաղաքում կարանտինը երկարաձգվել է առնվազն մինչեւ հուլիսի 17-ը: