350 դիտում, 2020.07.15 23:13

Ադրբեջանի հրետակոծությունները խաղաղ բնակչությանը վնաս հասցնելու նպատակ ունեին. ՄԻՊ

Ադրբեջանի հրետակոծությունները խաղաղ բնակչությանը վնաս հասցնելու նպատակ ունեին. ՄԻՊ

Հակառակորդի կողմից հրետակոծությունների հետևանքով վնասներից մեծ մասը հասցվել է Տավուշի մարզի Այգեպար համայնքին։ Հուլիսի 15-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Այգեպար գյուղում դիտարկվել է 11 քաղաքացիական տուն, որոնք պարզապես ենթարկվել են հրետակոծության։ Բնակիչների հետ մեր առանձնազրույցները, քննարկումները ցույց են տալիս, որ խոսքն այնպիսի հրետանային արկերի մասին, որ ներսից պայթում են և բեկորների են վերածվում։ Այդ բեկորներն այնպիսին են, որ կարող են ակնհայտ կյանքին և առողջությանը վնաս հասցնել»,- ասաց Թաթոյանը։

ՄԻՊ-ի խոսքով՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում արձնագրվել են դեպքեր, երբ քաղաքացիական բնակչի տունը հրետանու մեկ արկի պատճառով ամբողջությամբ քանդվել էր։

«Ակնհայտ էր, որ խոսքը գնում էր վտանգավոր արկի մասին, ուսումնասիրություններ ենք անում դրա արգելված լինելու- չլինելու ուղղությամբ»,- ասաց Թաթոյանը։

ՄԻՊ-ի այս պահի վերլուծությունները վկայում են այն մասին, որ խոսքը քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու մտադրության մասին է։ «Այս բոլոր բնակավայրերը ոչ ռազմական օբյեկտներ են։ Մենք չունենք այդպիսի պրակտիկա, որ ռազմական օբյեկտներ տեղակայենք քաղաքացիական բնակավայրերի մոտ և փորձենք դրանով արդարացնել քաղաքացիական բնակչությանը պատճառված վնասները։ Ակնհայտ է, որ սրանք ոչ ռազմական նշանակության օբյեկտներ են, ակնհայտ է, որ քաղաքացիական բնակավայրեր են, և դրանց մոտ գնտվող որևէ ռազմական օբյեկտ չկար, որ թույլ կտար անգամ մեկ գրամ ենթադրություն անելու, որ այստեղ Հայատանի Հանրապետությունը տեղադրել է ռազմական օբյեկտներ»,-ասաց Թաթոյանը։

կիսվել նյութով -