414 դիտում, 2020.07.15 22:54

Ադրբեջանը թիրախավորել էր դիմակներ արտադրող «Տավուշ տեքստիլ»-ը․ ՄԻՊ-ը ներկայացրեց իր դիտարկումը

Ադրբեջանը թիրախավորել էր դիմակներ արտադրող «Տավուշ տեքստիլ»-ը․ ՄԻՊ-ը ներկայացրեց իր դիտարկումը

Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ աշխատակազմի աշխատանքը։ Հուլիսի 15-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Թաթոյանն ասաց, որ հուլիսի 12-ի ժամը 23։00-ից սկսած, սկսվեցին ակտիվ հրետակոծությունները Տավուշի մարզի ուղղությամբ, ՄԻՊ աշխատակազմը անմիջապես սկսեց բնակչությունից ահազանգեր ստանալ։

«Առաջին օրվա հրետակոծությունները Մովսես գյուղի անմիջական հարևանությամբ էին։ Մեր ուսումնասիրություններով ակնհայտ էր իրական վտանգը, վնասը պատճառվելու էր քաղաքացիական բնակչությանը՝ նրանց կյանքին և առողջությանը»,- ասաց Թաթոյանը։

ՄԻՊ-ի խոսքով՝ դրանից հետո աշխատակազմը սկսեց տեղեկություններ նախապատրաստելու և միջազգային գործընկերներին զեկույցներ ուղարկելու խնդրի ուղղությամբ աշխատանքը։

«Մեր դիտարկմամբ հուլիսի 13-ին և 14-ին հրետակոծվում էին նաև այլ քաղաքացիական բնակավայրերը, մասնավորապես՝ Բերդը, Չինարին, Այգեպարը և մի շարք այլ գյուղեր։ Իհարկե, դրանից հետո կարևոր էր իրականացնել անմիջական այց, որքան հնարավոր է շուտ, որովհետև փաստահավաք աշխատանքը պահանջում է արագ արձագանք»,- նշեց Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը այցը սկսել էր Բերդ քաղաքից, որովհետև այնտեղ հրետակոծվել էր «Տավուշ տեքստիլ»-ը, ինչպես նաև Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղը։

«Սա հատկապես մտահոգիչ է և խիստ դատապարտելի է, որովհետև «Տավուշ տեքստիլ»-ը արտադրում է բժշկական դիմակներ, այն էլ կորոնավիրուսի պայմաններում։ Խոսքը գնում է ակնհայտ մարդասիրական հարցի մասին։ Եվ, բնականաբար, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման մասին է այստեղ խոսքը գնում։ Բնակիչների հետ շփումները վկայում են, որ դրանից առաջ եղել են ԱԹՍ-երի օգտագործում, դա նշանակում է, մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ ադրբեջանական կողմը իմացել է, որ այնտեղ կա ոչ ռազմական օբյեկտ, այն էլ բժշկական նպատակներով դիմակների արտադրություն։ Էլ չեմ խոսում, որ հրետակոծությունն իրականացվել է ցերեկային ժամերին, այնտեղ գտնվել են աշխատողներ։ Ակնհայտ հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը հենց թիրախային վնաս հասցնելու մտադրության մասին է»,- ասաց Թաթոյանը։

կիսվել նյութով -