542 դիտում, 2020.07.15 21:58

Ադրբեջանի ՄԻՊ-ն ակնհայտ կեղծ հայտարարություն է տարածել. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

Ադրբեջանի ՄԻՊ-ն ակնհայտ կեղծ հայտարարություն է տարածել. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ակնհայտ կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություն է տարածել, թե, իբր, հայկական կողմը ՄԻՊ դիտարկման ընթացքում «կրակել է խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից»։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը, ապավինելով վառ երևակայությանը, հայտարարում է, թե, իբր, Թովուզում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի դիտարկման ընթացքում հայկական կողմը «կրակել է խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից»:

Հրադադարի երկկողմանի պահպանման իրավիճակում Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը առնվազն տարակուսելի է և դատապարտելի»,- գրել է Ստեփանյանը։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Հուլիսի 13-ի առավոտյան երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել էր սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը։ Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել էր հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել էր։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է բնակավայրերը, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադ»-ի երեք հրթիռ է արձակել: Զոհվել է ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող, վիրավորվել 10-ը: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 15-ի ժամը 00:15-ից պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Հուլիսի 14-ից, ժամը 22:20-23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում: Ադրբեջանը կրել է մարդկային տասնյակ կորուստներ, կորցրել մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ԱԹՍ-ներ:

կիսվել նյութով -