ՀՀ Ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության քվեարկությունը կիրականացնի վաղը` հուլիսի 16-ին: Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում ասաց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Կենտրոնական բանկի խորհրդի անդամի քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 16-ին, ժամը 12:00-13:00-ն, Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում»,- ասաց Հովակիմյանը:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացվել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը:
Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում, 2002-2008թթ աշխատել է Կենտրոնական բանկի Վիճակագրության վարչությունում, իրականացրել է բանկերի ֆինանսական վիճակի հեռար ստուգման ֆունկցիաներ, նաև պատասխանատու է եղել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության որոշակի աշխատանքների համար: 2008 թվականից աշխատում է Ամերիաբանկում: 2015-ին ստացել է ֆինանսական վերլուծաբանի կոչում, ներկայում էլ ուսանում է բիզնեսի վարչարարություն կամ ադմինիստրացիա` Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում: Նա անդամակցել է հասարակական կազմակերպությունների և կրթական ծրագրեր է իրականացրել է մարզերում: Անկուսակցական է, ամուսանացած է, ունի 2 զավակ: