422 դիտում, 2020.07.15 20:28

Լատվիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հրադադարի վերականգնման ջանքերում

Լատվիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հրադադարի վերականգնման ջանքերում

Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը անհանգստացած է Տավուշի մարզում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև իրավիճակի սրմամբ և փոխադարձ կրակոցներով: Այդ մասին հաղորդում է Լատվիայի ԱԳՆ պաշտոնական կայքը։

«Այդ միջադեպերը լուրջ սպառնալիք են ստեղծում խաղաղության և կայունության համար, որոնք կյանքեր են խլել երկու կողմերից: Արտաքին գործերի նախարարությունը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել հրադադարը: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խուսափեն հետագա գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության հետագա սրմանը:

Հայտնի է Լատվիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Լատվիան աջակցում է յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես սահմանված է Հելսինկիի եզրափակիչ ակտում և ԵԱՀԿ Փարիզյան խարտիայում: Լատվիան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Արտաքին գործերի նախարարությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա երեք համանախագահներին հրադադարի վերականգնմանն ուղղված իրենց ջանքերում: Արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ երկու կողմերը զերծ կմնան ուժի կիրառումից և կաշխատեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

կիսվել նյութով -