362 դիտում, 2020.07.15 20:13

ԱԺ-ն ընդունեց տեղական արտադրության կոնյակի գովազդը ժամը 06:00-22:30-ն արգելող նախագիծը

ԱԺ-ն ընդունեց տեղական արտադրության կոնյակի գովազդը ժամը 06:00-22:30-ն արգելող նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բացառությունից հանել և տեղական արտադրության կոնյակի գովազդը նույնպես ժամը 06:00-22:30-ը արգելել: Նախագիծն ԱԺ հուլիսի 15-ի արտահերթ նիստում ներկայացրել էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Նա մասնավորապես նշել էր, որ օրենքի ընդունումը բխում է միջազգային պարտավորություններից՝ ԵԱՏՄ և Առևտրի համաշխարահին կազմակերպության մակարդակներում: Ներկայումս «Գովազդի մասին» ՀՀ օրենքով՝ արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի գովազդը: ԵԱՏՄ շրջանակում ճանաչվել է, որ սա անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում: Այսպիսով նախագծով առաջարկվում է օրենքից հանել «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» բառերը:

Նախագիծը քննարկվում է 24-ժամյա ռեժիմով: Անդրադառնալով հարցի հրատապությանը՝ Ավանեսյանը նշեց, որ այն ԵԱՏՄ շրջանակում ճանաչվել է խոչընդոտ: Կառավարությունը համաձայնել է դա վերացնել այս ամառային նստաշրջանի ընթացքում: «Եթե սա հիմա չվերացվի, կտեղափոխվի աշնանային նստաշրջան, և լրացուցիչ խնդիրներ կառաջանան: Ռիսկ կարող է առաջացնել, որ սա ԵԱՏՄ շրջանակում համարվի չվերացված խոչընդոտ, ինչը կնշանակի, որ տվյալ ապրանքի վերաբերյալ կարող են սահմանափակող քայլեր իրականացնել»,-ասաց փոխնախարարը:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 85 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայներ:

կիսվել նյութով -