448 դիտում, 2020.07.15 19:34

Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կսկսի COVID-19-ի դեմ «Ռեմդեսիվիր» պատրաստուկի արտադրությունը

Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կսկսի COVID-19-ի դեմ «Ռեմդեսիվիր» պատրաստուկի արտադրությունը

Իրանի ընկերությունները հաջորդ շաբաթ կսկսեն «Ռեմդեսիվիր» պատրաստուկի արտադրությունը, որը պետք Է օգնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործում: Հուլիսի 15-ին այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սայիդ Նամաքին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի համար արդյունավետ եւ ստուգված պատրաստուկ չկա, սակայն Եվրոպայում եւ Ամերիկայում հիվանդներին «Ռեմդեսիվիր» են նշանակում: Այժմ երկրում այն բավականաչափ քանակությամբ կա, իսկ հաջորդ շաբաթվանից մենք կսկսենք դրա արտադրությունը»,-նշել է նա:

Նախարարի խոսքով՝ Իրանում նոր սահմանափակումներ են հայտարարվել, եւ, եթե դա արդյունք չտա, ապա դրանք կընդլայնվեն: Հուլիսի 15-ին ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ երկրում սկսվել Է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Կորոնավիրուսի հետ կապված իրադրության սրման ֆոնին Իրանի իշխանությունները հուլիսի 5-ից սահմանել են դիմակների պարտադիր կրում հասարակական վայրերում, Թեհրանում մեկ շաբաթով դադարեցված է լողավազանների եւ մարզական ակումբների աշխատանքը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Իրանում վարակվածների թիվը մեկ օրում առավելակետին է հասել մարտի 30-ին, իսկ այնուհետեւ սկսել է նվազել եւ կրճատվել մինչեւ նվազագույնը (802):

Մայիսի 3-ից հետո այդ ցուցանիշը վերստին սկսել է աճել, իսկ հունիսի 4-ին հասել է ամենաբարձր մեծությանը (3 574): Մեկ օրում մահացածների առավելագույն թիվը (221) հանրապետությունում գրանցվել է հուլիսի 9-ին:

կիսվել նյութով -