ՀՀ ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: Խաչատրյանի թեկնածության հարցը քննարկվում է ԱԺ հուլիսի 15-ի արտահերթ նիստում:
Թեկնածուն, ի թիվս այլ հարցերի, ներկայացրեց նաև, թե առաջիկա 5-10 տարիներին ինչպես է տեսնում ֆինանսական համակարգը: «Բացի վստահության աղբյուր լինելուց, շատ ցանկալի է, որ ֆինանսական համակարգի ընկերությունները լինեն ավելի հաճախորդամետ, շրջակա միջավայրի և սոցիալական պատասխանատվության էտալոններ, կորպորատիվ կառավարման տիպային օրինակներ»,-ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ բանկային համակարգը բավական մրցակցային է: Սակայն նկատեց նաև, որ եթե ավանդների ներգրավման հաշվիների սպասարկման հարցում ավելի խիստ մրցակցությունը ենթադրում է ավելի լավ սակագներ և ավելի որակյալ սակագներ, ապա վարկավորման գործում ամեն ինչ միանշանակ չէ, մրցակցությունը կարող է բերել բանկերի կողմից վարկավորման ստանդարտների նվազման՝ վարկային պորտֆելների առաջանցիկ աճի նպատակով: «Այս պրոցեսի բացասական հետևանքներից մեկը գերվարկավորվածությունն է: Պատասխանատու վարկավորման մեխանիզմների և ավանդույթների ներդրումն այստեղ այլընտրանք չունի: Ըստ էության այս ճգնաժամում թույլ օղակն էլ հենց սոցիալական մասն է՝ հազարավոր գերվարկավորված տնային տնտեսություններ: Ընդհանրապես սպառողական վարկերի անընդունելի մեծ կշիռը՝ մոտ 27 տոկոս, մարտահրավեր է ոչ միայն ֆինանսական համակարգի համար, այլ նաև սպառման շատ մեծ հակվածություն ունենալու առումով»,-ասաց Խաչատրյանն ու նշեց, որ Հայաստանում սպառողական վարկերի տեսակարար կշռի ցուցանիշով մեզ մոտ երկիր չկա տարածաշրջանում, բոլորն ավելի ցածր են:
Թեկնածուն գիտակցում է , որ պատասխանատու վարկավորման ինստիտուտի ներդրումը, այն է՝ վարկերի տրամադրման հետ կապված որոշակի սահմանափակումները, կարող են նվազեցնել վարկավորման հասանելիությունը:
Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում, 2002-2008թթ աշխատել է Կենտրոնական բանկի Վիճակագրության վարչությունում, իրականացրել է բանկերի ֆինանսական վիճակի հեռար ստուգման ֆունկցիաներ, նաև պատասխանատու է եղել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության որոշակի աշխատանքների համար: 2008 թվականից աշխատում է Ամերիաբանկում: 2015-ին ստացել է ֆինանսական վերլուծաբանի կոչում, ներկայում էլ ուսանում է բիզնեսի վարչարարություն կամ ադմինիստրացիա` Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում: Նա անդամակցել է հասարակական կազմակերպությունների և կրթական ծրագրեր է իրականացրել է մարզերում: Անկուսակցական է, ամուսանացած է, ունի 2 զավակ: