408 դիտում, 2020.07.14 22:14

«Լիդիանը» դիմել է ՀՀ ոստիկանությանը․ «Ակտը հաստատել է տարածքներ ներխուժման փաստը»

«Լիդիանը» դիմել է ՀՀ ոստիկանությանը․ «Ակտը հաստատել է տարածքներ ներխուժման փաստը»

«Լիդիան Արմենիան»-ը հայտարարություն է տարածել․


«Ս.թ. հուլիսի 14-ին «Լիդիան Արմենիան» ստացել է «Բնության մեջ կետերի նշահարման»  փորձագիտական ակտը, որը ևս մեկ անգամ հաստատում է «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքներ ներխուժման փաստը: «Լիդիանը» ակտի հիման վրա դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության 2007թ. 797-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում և կարգով վերացնել ընկերության օրինական տիրապետության տակ գտնվող տարածքների ներխուժումը, այն է՝ ազատել ընկերության տարածքներն ապօրինի տեղակայված վագոն-տնակներից և այնտեղ գտնվող անձանցից:

«Լիդիանի» իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանը այս առիթով մեկնաբանում է․ «Ավելի քան երկու տարի տևած ապօրինության հետևանքով Հայաստանի Հանրապետությունը կորցրել է տասնյակ միլիոնավոր դոլարներ, հարյուրավոր մարդիկ արտագաղթել են, պետության միջազգային հեղինակությանը հասցվել է անդառնալի վնաս: Այսօր, երբ ավելի քան երբևէ պետությունը և սահմանին կանգնած հայ զինվորը կարիք ունի ամուր պետության և ամուր տնտեսության, ապօրինության իրականացումը և դրա հանդուրժումը հավասարազոր է Հայաստանի պետական շահերի դեմ նպատակաուղղված սադրանքի: Ակնկալում ենք պատկան մարմինների շուտափույթ արձագանքը և օրենքի սահմաններում համապատասխան գործողությունները»:

Հիշեցնենք, որ դեռևս 2019թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչական դատարանը ևս պարտավորեցրել էր ՀՀ ոստիկանությանը հեռացնել ներխուժած անձանց և նրանց գույքը «Լիդիանի» տարածքից»:

կիսվել նյութով -