Գյումրիում հաշվարկվում են հուլիսի 13-ին տեղի ունեցած հորդառատ անձրևի պատճառած վնասները: Այդ նպատակով ձևավորվել է հանձնաժողով: Այս մասին Գյումրու քաղաքապետարանում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, տեղեկացնելով, որ վնասները ճշտելուց հետո ավագանու քննարկմանը կներկայացվի տուժած բնակիչներին աջակցելու հարցը: «Կուսումնասիրվի բոլորի վնասը: Անելու ենք ամեն ինչ՝ բնակիչներին աջակցելու համար: Եթե համայնքը հիմա չպետք է կանգնի բնակչի կողքին, էլ ե՞րբ է կանգնելու»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ տեղեկացնելով, որ անհրաժեշտության դեպքում կդիմի նաև ՀՀ կառավարությանը:
Խոսելով ստեղծված իրավիճակի պատճառների մասին, քաղաքապետը տեղեկացրեց, որ ստեղծված իրավիճակի պատճառը ոչ միայն ջրահեռացումն է, այլ տեղումների աննախադեպ քանակը: «Տեղումների քանակն, իրականում, հուլիսին, ըստ վիճակագրության, պետք է լիներ 46 մմ, մինչդեռ մեկ օրվա ընթացքում գրանցվել է 81 միլիմետր: Դա աննախադեպ էր»,-նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Անդրադառնալով ջրահեռացման համակարգի խնդիրներին, Գյումրու քաղաքապետը տեղեկացրեց, որ նոր հիմնանորոգված փողոցներում դա լավ կատարվում է, խնդիր կա քաղաքում մի քանի հատվածների հետ կապված: Դրանցից 3-ի հիմնանորոգման նախագծում ջրահեռացման համակարգեր կան, անլուծելի մնում է Երևանյան խճուղում՝ կամուրջի տակ գտնվող հատվածի խնդիրը: «Այդտեղ այս պահին նոր լուծում չենք կարող տալ՝ խնդիրը ոչ թե ֆինանսի, այլ հարմարությունների հետ է կապված»,-նշեց Գյումրու քաղաքապետը:
Աղետի վնասներն ուսումնասիրող հանձնաժողովը, ըստ քաղաքապետի, կփորձի հուլիսի 14-ին մինչև օրվա ավարտը ամբողջական վերլուծել վնասի չափը:
Հուլիսի 13-ին, ժամը 16:13-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրիում կարկուտ է տեղում (12 մմ), նկատվում է քամու ուժգնացում (8 մ/վ, պոռթկումների ժամանակ՝ մինչև 16 մ/վ)։ Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնն օրվա երկրորդ կեսից սկսած 780 ահազանգ է ստացել շենք-շինությունների, նկուղների, հողամասերի, խանութների և այգիների ջրալցումների, կամուրջների տակ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Հուլիսի 14-ին, ժամը 00։30-ին Գյումրի են մեկնել նաև ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը՝ ջրահեռացման համար նախատեսված 3 մոտոպոմպով։ Գործի են դրվել Գյումրիի համայնքապետարանի 5 միավոր տեխնիկան և «Մայր Հայաստան» հուշահամալիրի հանգստյան գոտու նավակները: Աշխատանքներին 70 հրշեջ-փրկարար է մասնակցել, 1 տասնյակից ավելի հրշեջ-մեքենաներ են կիրառվել։
Նախնական ամփոփված տվյալներով՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 130 ավտոմեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր։ Շինությունների ջրահեռացման աշխատանքները շարունակվում են։