384 դիտում, 2020.07.14 16:35

Փրկարարները Գյումրիում արգելափակումից դուրս են բերել 130 ավտոմեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հուլիսի 13-ին՝ ժամը 16:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Գյումրիի Օդերևութաբանության կայանից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիում կարկուտ է տեղում (12 մմ), նկատվում է քամու ուժգնացում (8 մ/վ, պոռթկումների ժամանակ՝ մինչև 16 մ/վ)։ Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնն օրվա երկրորդ կեսից սկսած 780 ահազանգ է ստացել շենք-շինությունների, նկուղների, հողամասերի, խանութների և այգիների ջրալցումների, կամուրջների տակ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։

Ահազանգերի արձագանքմանը ներգրավվել են Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները։

Հուլիսի 14-ին, ժամը 00։30-ին Գյումրի են մեկնել նաև ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը՝ ջրահեռացման համար նախատեսված 3 մոտոպոմպով։ Գործի են դրվել Գյումրիի համայնքապետարանի 5 միավոր տեխնիկան և «Մայր Հայաստան» հուշահամալիրի հանգստյան գոտու նավակները: Աշխատանքներին 70 հրշեջ-փրկարար է մասնակցել, 1 տասնյակից ավելի հրշեջ-մեքենաներ են կիրառվել։

Ժամը 16։47-ին ահազանգ է ստացվել, որ Ախուրյանի կամրջի տակ ավտոմեքենան արգելափակվել է անձրևաջրերում. անհրաժեշտ է օգնություն։

Փրկարարներն անձրևաջրից դուրս են բերել Գևորգ Ծ.-ին (ծնված 1960 թ.)։ Նրա առողջական վիճակը վատթարացել է: Դիմել են շտապօգնության ծառայությանը։

Փրկարարները ջրային արգելափակումից դուրս են բերել նաև 7 ավտոմեքենա, ինչպես նաև նավակի միջոցով արգելափակումից անվտանգ տարածք են դուրս բերել 6 քաղաքացու:

Ժամը 17։02-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի 49-րդ փողոցում ավտոմեքենան արգելափակվել է անձրևաջրերում․ անհրաժեշտ է օգնություն։

Փրկարարները Մայակովսկու փողոցից՝ «Պեգաս» վաճառատան մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել Ա․ Մ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» և Վ. Ս․-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները:

Ժամը 17։16-ին ահազանգ է ստացվել, որ Ավտոկայանի թիվ 104/271 տնակը ջրալցվում է Գյումրի գետակի վարարումից․ անհրաժեշտ է օգնություն։

Պարզվել է, որ բնակիչներից մեկը հրաժարվում է տարհանվել տնակից, իսկ մյուսը՝ տարհանվել և տեղափոխվել է Շահումյան 153 հասցե:

Ժամը 17։19-ին ահազանգ է ստացվել, որ Ն. Ստեփանյան փողոցի 1-ին փակուղու թիվ 10 տունը ջրալցվում է անձրևից և գետի վարարումից․ անհրաժեշտ է օգնություն։

Պարզվել է, որ ջրալցված է նկուղը․ իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ։

Ժամը 17։24-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի «Յունիբանկ»-ի մասնաճյուղի դիմաց ավտոմեքենան ջրալցվում է անձրևից․ անհրաժեշտ է օգնություն։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան:

Ժամը 17։36-ին ահազանգ է ստացվել, որ Բեռլին հյուրանոցի մոտակայքում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Ժամը 17։36-ին ահազանգ է ստացվել, որ Ախուրյանի կամրջի տակ ավտոմեքենաները ջրալցվում են (մոտ 300 ավտոմեքենա չի կարողանում շարունակել ընթացքը)․ անհրաժեշտ է օգնություն։

Մինչ Գ. Նժդեհի հրապարակին կից գտնվող կամրջին հասնելը՝ փրկարարները Երևանյան խճուղում արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, ինչպես նաև՝ իրականացրել խճուղու ջրահեռացման անցքերի բացման աշխատանքներ:

Փրկարարների և համայնքապետարանի աշխատակիցների համատեղ ուժերով կամրջի տակից և հարակից տարածքներից դուրս են բերվել մոտ 100 արգելափակված ավտոմեքենա:

Փրկարարները բացել են կամրջի տակ գտնվող խցանված դիտահորերը:

Նախնական ամփոփված տվյալներով՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 130 ավտոմեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր։ Շինությունների ջրահեռացման աշխատանքները շարունակվում են։

Ֆոտոշարք

կիսվել նյութով -