կարևոր
1797 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-14 13:49

Հակառակորդի կրակոցներից երկու ոստիկանի վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի կրակոցներից երկու ոստիկանի վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցների հետևանքով երկու ոստիկաններին հրազենային մարմնական վնասվածքներ հասցնելու և պահակակետը վնասելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն։

«2020թ. հուլիսի 13-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպար բնակավայրին սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել «Տավուշ» ջրամբարի մոտ տեղակայված՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետի ուղղությամբ, որի հետևանքով արկի պայթյունից վնասվել է նշված պահակակետը, իսկ պահակակետում պետական ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Տավուշի բաժանմունքի երկու ոստիկաններ ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ  քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։