Condenamos el ataque de Azerbaiyán el 12 de Julio en #Tavush provincia de Armenia. Rechazamos las acciones bélicas y hacemos un llamado para que se encuentre una solución por la vía diplomática. @AraratMirzoyan https://t.co/qxtYd3QCHL
— Felipe Alejos (@FelipeAlejos) July 13, 2020
Գվատեմալայի Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոսը դատապարտել է հուլիսի 12-ին Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը: Այս մասին Ալեխոսը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Մենք դատապարտում ենք հուլիսի 12-ին Ադրբեջանի հարձակումը՝ Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ: Մենք մերժում ենք պատերազմական գործողությունները և կոչ ենք անում լուծում գտնել դիվանագիտական ուղիներով»,- գրել է Ալեխոսը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:
Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղից ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել էր նա:
Հուլիսի 13-ի առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը նշել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորվել է հայկական կողմի 3 զինծառայող և երկու ոստիկան, որոնցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորում է բնակավայրերը։ Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ և 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։