05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ուղերձում նշված է.
«Մեծարգո պարոն Նախագահ, թանկագին Էմանուել.
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։
Ֆրանսիացի ժողովրդի ազատատենչ ու հեղափոխական ոգու հաղթանակի շնորհիվ Եվրոպայի պատմական զարգացման առանցքում դրվեցին մարդու իրավունքների, քաղաքացիների իրավահավասարության և լուսավորության քաղաքակրթական արժեքները։
Այսօր մենք հպարտությամբ ենք արձանագրում Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի առանձնաշնորհյալ երկխոսության առկայությունը, ինչը հիմնվում է հայ-ֆրանսիական պատմական ու մշակութային բազմադարյա կապերի և ընդհանուր արժեքների վրա։ Այսօր, երբ աշխարհը դարձել է անկանխատեսելի և մարտահրավերներով լի, մենք վերահաստատում ենք մեր լիարժեք պատրաստակամությունը՝ շարունակելու ընդլայնել ու խորացնել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում։
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ձևաչափով կառուցողական ու հավասարակշռված միջնորդական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում՝ որպես տարածաշրջանային խաղաղության, կայունության և զարգացման առհավատչյա։
Սիրով սպասում եմ առաջիկայում հյուրընկալելու Ձեզ Հայաստանում պետական այցով։
Կրկին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու անսպառ եռանդ, իսկ ֆրանսիացի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և նոր նվաճումներ:
Ջերմորեն՝ Նիկոլ Փաշինյան»։