796 դիտում, 2020.07.14 09:25

Խուճապային տրամադրություն կա Ադրբեջանի վերնախավում. «Փաստ»

Խուճապային տրամադրություն կա Ադրբեջանի վերնախավում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը եւ երեկ Ադրբեջանը հերթական անգամ դիմեց սադրիչ գործողությունների, որոնք ՀՀ ԶՈՒ կողմից ստացան համարժեք պատասխան: Արդյունքում, ադրբեջանցիները բազմաթիվ զոհեր ունեն: Հայ զինվորները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ հայոց բանակը մարտական է եւ պատրաստ ցանկացած գործողության` հակահարված տալու ադրբեջանական դիվերսիային:

«Փաստ» թերթի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ նման զարգացումը սպասելի էր իր համար՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում արդեն նաեւ Ադրբեջանի նախագահն էր ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարություններ անում: Նա ընդգծեց, որ սահմանին լարվածությունը սրելով՝ այսկերպ փորձ է արվում մեղմել Ադրբեջանի ներքին քաղաքական անկայուն կյանքը. «Ալիեւի վարքագիծը տարօրինակ է հատկապես վերջին շրջանում: Խուճապային տրամադրություն կա նաեւ Ադրբեջանի վերնախավում: 

Օրինակ՝ գիշերվա ընթացքում փոխանակ հասարակությանը սահման գնալու կոչ անի, կոչ է անում գնալ Բաքվի ազատության հրապարակ ու Ալիեւի հրաժարականը պահանջել: Այսինքն, երկկողմանի սուր է. Ալիեւի համար ոչ բարենպաստ իրավիճակ է թե՛ սահմանին, թե՛ ներքին քաղաքական կյանքում: 

Եվ այս առումով նա բավականին աննախանձելի իրավիճակում է: Մյուս կողմից՝ միանշանակ կարող ենք ասել, որ Ալիեւին չեն հետաքրքրում սեփական հասարակության մարդկային կորուստները: Հակառակը՝ կցանկանար, որ սահմանին ավելի շատ զոհեր լինեն, որ հայերի ու ադրբեջանցիների թշնամությունն ավելի խորանա, եւ ինքն այդ թշնամությունն օգտագործելով՝ իր իշխանությունն ավելի երկարացնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

կիսվել նյութով -