կարևոր
2171 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-13 22:08

ՀՀ ՊՆ-ը կոչ է անում ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ ուղիղ հեռարձակում իրականացնելուց, ինչն ուղղակիորեն վտանգում է տեղի ազգաբնակչության անվտանգությունը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.

«ԿՈՉ ԶԼՄ-ին

Հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին ադրբեջանական կողմից արդեն երկրորդ օրը շարունակվող սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, համոզիչ կերպով կոչ ենք անում ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, այդ թվում նաև սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և, առավել ևս, ուղիղ հեռարձակում իրականացնելուց, ինչն ուղղակիորեն վտանգում է ինչպես տեղի ազգաբնակչության, այնպես էլ տվյալ տարածքներում տեղակայված հայկական զինված ուժերի ստորաբաժանումների անվտանգությունը՝ փաստացի, հնարավորություն ընձեռելով հակառակորդին ուղիղ եթերի ռեժիմով դիտարկել մեր տարածքում տեղի ունեցող գործողությունները, ինչը բացարձակ անթույլատրելի է։

Մեկ անգամ ևս կոչ ենք անում ցուցաբերել գիտակցված մոտեցում խնդրի կարևորությանն ու լիարժեք կերպով կատարել ՀՀ ԶՈՒ՝ անվտանգության տարրական կանոններին առնչվող հորդորները»:

Հիշեցնենք, որ «Երկիր Մեդիայի» նկարահանող խումբը այսօր եղել է Չինարիում: Մեր նպատակն է եղել, ոչ թե խուճապ տարածել հասարակության շրջանում, այլ ներկայացնել պայքարող և սահմանապահ գյուղի բնակիչների այս օրը:

Եղել ենք ուղիղ եթերում, բայց կարճ ժամանակ անց դադարեցրել ենք եթերն առաջին իսկ հորդորից հետո։