456 դիտում, 2020.07.13 21:36

Գերմանիայից Հայաստան է ժամանել բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների առաքելությունը

Գերմանիայից Հայաստան է ժամանել բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների առաքելությունը

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում հատուկ չվերթով Գերմանիայից Հայաստան ժամանեց բժիշկներից և առողջապահության ոլորտի մասնագետներից կազմված առաքելությունը: Առաքելության աշխատանքները կտևեն մինչև հուլիսի 24-ը:

Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին Covid-19 համավարակի դեմ պայքարում, կկիսեն այս ոլորտում գերմանական փորձը: 

Առաքելության իրականացումը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «ISAR» միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «Caritas International» կազմակերպության, Ռոբերտ Կոխ ինստիտուտի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ «Team Europe» փաթեթի շրջանակներում:

Բուժանձնակազմին և մասնագետներին օդանավակայանում դիմավորեցին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը:

Հայաստանում հուլիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32 151 դեպք, որոնցից 19 865-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում  11 530 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  135 687 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 573 դեպք:

կիսվել նյութով -