կարևոր
1887 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-13 20:36

Արցախում առողջապահության ոլորտի աշխատավարձերը կբարձրանան. նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում առողջապահության ոլորտի աշխատավարձերը կբարձրանան. նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված առողջապահության ոլորտի խնդիրներին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը համակարգի պատասխանատուների հետ քննարկմանը հայտարարել է, որ, նախընտրական խոստման համաձայն, ոլորտի աշխատողների աշխատավարձերի զգալի բարձրացում կլինի: Սեպտեմբերի 1-ից բժիշկների աշխատավարձերը կավելանան 30%-ով, բուժքույրերինը՝ 20% -ով, իսկ կրտսեր բուժանձնակազմինը՝ 15%-ով: Ոլորտի աշխատողների աշխատավարձերի կտրուկ բարձրացում կլինի գալիք տարվա հունվարի 1-ից: 

«Պետական այս քաղաքականության նպատակն է առողջապահական որակյալ համակարգ ստեղծելն է՝ լավագույն մասնագետներին ներգրավմամբ: Բացի այդ, պետք է արմատախիլ արվեն բոլոր տեսակի արատավոր երևույթները: Հակառակ դեպքում՝ օրինախախտները ենթարկվելու են իրավական խիստ պատասխանատվության: Կառավարությունը հետևողական աշխատանք է ծավալելու այդ ուղղությամբ»,- նշել է նախագահը: 

Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ հունվարի 1-ից առողջապահական հիմնական ծառայությունները քաղաքացիների համար ամբողջությամբ դառնալու են անվճար: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հանրապետությունում նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա դեմ կիրառվող միջոցների արդյունավետությունը: Առողջապահության համակարգի պատասխանատուները հիմնականում դրական են գնահատել պարետի կայացրած որոշումները և աջակցություն հայտնել դրանց հետևողական իրականացման գործում: 

Հանդիպմանը մասնակցում էին նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները: