378 դիտում, 2020.07.13 20:28

Կայունությունն ունի առաջնային նշանակություն. Վրաստանի նախագահը հայ- ադրբեջանական սահմանի մասին

Կայունությունն ունի առաջնային նշանակություն. Վրաստանի նախագահը հայ- ադրբեջանական սահմանի մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-13-ը տեղի ունեցած զինված դիմակայության կապակցությամբ: Այս մասին նշված է նախագահի պաշտոնական կայքում:

«Այսօր, երբ բոլորս պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունը և գլոբալ կայունության պահպանումն ունեն առաջնային նշանակություն: Մեր տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Վրաստանի, ինչպես նաև մեր բարեկամ և գործընկեր պետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետագա զարգացման և բարգավաճման համար»,- նշված է հայտարարության մեջ:

Նախագահը հույս ունի, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն ժամանակին, և, որ իրավիճակի հետագա սրումից հնարավոր կլինի խուսափել խաղաղ բանակցությունների միջոցով:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան: 

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել էր նա: 

Առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորվել է հայկական կողմի 3 զինծառայող և երկու ոտիկան, որոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

կիսվել նյութով -