412 դիտում, 2020.07.13 20:13

Ծիծեռնակաբերդի տարածքում հրդեհի բռնկման պատճառներից հրավառության վարկածը չի հաստատվել

Ծիծեռնակաբերդի տարածքում հրդեհի բռնկման պատճառներից հրավառության վարկածը չի հաստատվել

Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում հունիսի 26-ին բռնկված հրդեհի հետ կապված հետաքննությամբ հրավառության վարկածը չի հաստատվել: Մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը:

«Ցանկացած հրդեհի դեպքում Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունն իրականցնում է հետաքննություն: Այս դեպքում էլ իրականցվել է հետաքննություն, դիտարկել ենք հրդեհի առաջացման պատճառների հետ կապված տարբեր վարկածներ, բազմաթիվ մարդիկ հարցքաննվել են, արդյունքում պարզվել է, որ ամենահավանական պատճառն ազնգուշորեն նետած ծխախոտի մնացորդն է: Նորից եմ ասում, սա ամենահավանական պատճառն է»,- նշեց Սերգեյ Հայրապետյանը: Նա տեղեկացրեց, որ օրենքով սահմանված կարգով կայացվել է քրեական գործի հարուցման մերժման որոշում հանցակազմի բացակայության պատճառով, որն ուղարկվել է դատախազություն՝ օրինականությունը ստուգելու համար: Հիմա նյութերը գտնվում են Երևան քաղաքի դատախազությունում:

Ինչ վերաբերում է ամենաշատը շրջանառվող՝հրդեհի օրը տեղի ունեցած հրավառության վարկածին, ապա Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ այդ տարբերակը չի հաստատվել: Նա ավելացրեց, որ հրավառությունից բացի քննարկել են այլ վարկածներ ևս: Անդրադառնալով հրդեհի հետևանքով այրված տարածքի մակերեսին՝ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ այդ օրերին այլ թիվ էր շրջանառվում, սակայն հետաքննությամբ պարզվեց, որ 2 հա-ից մի փոքր ավելին է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամի կողմից էլ տրվել է տեղեկանք, որ հիմնադրամը նյութական վնաս չի կրել:

Հունիսի 26-ին, ժամը 20:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնչորս մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի վեց փրկարարական խումբ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին:

կիսվել նյութով -