624 դիտում, 2020.07.13 18:02

ԱԺ-ն ավարտեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի քննարկումը. ԲՀԿ առաջարկը չընդունվեց

ԱԺ-ն ավարտեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի քննարկումը. ԲՀԿ առաջարկը չընդունվեց

ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց երկրում արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։ Կառավարության որոշման վերաբերյալ խորհրդարանի խմբակցություններից առաջարկ ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան»-ը, որը չընդունվեց խորհրդարանի կողմից:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր որոշման նախագիծ, որով առաջարկում էր չեղյալ հայտարարել հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներն ու արգելքները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իրենք կողմ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկին:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու առաջարկի նախագծին:

Առաջարկը չընդունվեց 21 «կողմ» և «60» դեմ ձայներով: 

Երեք ժամից ավելի տևած քննարկման ընթացքում ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառը, կորոնավիրուսի առկա իրավիճակն ու ձեռնարկվող միջոցառումները, նաև պատասխանեց պատգամավորների հարցերին: 

Կառավարությունը հուլիսի 13-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: 

Հայաստանում հուլիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպք, որոնցից 19865-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում  11530 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  135 687 թեստավորում:Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 573 դեպք:

կիսվել նյութով -