12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը խստորեն քննադատում է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշումը: Վայլերն իր հայտարարության մեջ նշել է, որ Թուրքիայի իշխանությունների այդ քայլը սադրանք է և վիրավորանք ամբողջ քրիստոնյա աշխարհի համար:
«Ես սարսափած եմ այն լուրից, որ քրիստոնեական աշխարհի այդ հսկայական տաճարը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, այժմ Թուրքիայի նախագահ Էրդողանի ցանկությամբ վերածվել է մզկիթի: Սա սադրանք և վիրավորանք է ամբողջ քրիստոնեական աշխարհի համար: Ես կոչ եմ անում Եվրոպական Միությանը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին չտրվել այդ սադրանքին»,- ասել է Վայլերը:
Պատգամավորը նաև կասկածի տակ է դնում Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների անցկացման իմաստը:
«Կրոնական բազմազանության, ինչպես նաև ազգային և միջազգային մշակութային ժառանգությունը ինքնըստինքյան պետք է ընդունելի լինի յուրաքանչյուր երկրի համար, որը ձգտում է մտնել Եվրոպական Միություն: Թուրքական կառավարության վարքագիծը որևէ կերպ չի համապատասխանում եվրոպական արժեքային պատկերացնումներին և չպետք է մնա անհետևանք»,- նշել է պատգամավորը:
Միևնույն ժամանակ Վայլերը կոչ է անում բոլոր հավատացյալներին, որոնք իրենց կապված են համարում Սուրբ Սոֆիայի տաճարի հետ, պահպանել հանգստություն և ողջախոհություն:
Թուրքիայի Պետական խորհուրդը՝ վարչական գործերի բարձրագույն դատարանը, հուլիսի 10-ին չեղարկել է 1934 թվականի կառավարության որոշումը, որը Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարին տվել Էր թանգարանի կարգավիճակ: Այնուհետև Էրդողանը հրահանգել է բացել տաճարը՝ նամազի անցկացման համար: