կարևոր
1564 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-13 16:18

Ավինյանը պատմեց կոշտ սահմանափակումների միջանկյալ ռեժիմի քննարկված սցենարի մասին

Ավինյանը պատմեց կոշտ սահմանափակումների միջանկյալ ռեժիմի քննարկված սցենարի մասին

Հայաստանում այն օրերին, երբ վարակի տարածման գործակցի արժեքը տևական ժամանակ բարձր է եղել 1-ից, քննարկվել է 10-շաբաթյա տևողությամբ կոշտ սահմանափակումերի ռեժիմ կիրառելու հարցը, սակայն որոշվել է առայժմ նման ռեժիմ չկիրառել՝ նկատի ունենալով տնտեսական ռիսկերը, ինչպես նաև այն, որ առողջապահական համակարգի ներկա պատաստվածությունը հնարավորություն է տալիս սպասարկել հոսպիտալացված հիվանդներին: Սակայն կառավարությունը պատրաստ է վերսկսել այդ քննարկումները, եթե նկատի, որ առողջապահական համակարգը այլևս ի վիճակի չեն պատշաճ բուժսպասարակում իրականացնելու: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով ԱԺ հատուկ նիստում:

«Վերջին ժամանակում եղել են օրեր, երբ վարակի տարածման գործակցի արժեքը բավականին տևական ժամանակ պահպանվում էր 1-ից բարձր մակարդակում: Եվ այդ շրջանում լրջորեն քննարկվել է մինչև աշուն կոշտ սահմանափակումների միջանկյալ ռեժիմ կիրառելու հարցը՝ պարետային ժամի սահմանմամբ: Սցենարը նախատեսում էր ընդհանուր 10 շաբաթ տևողությամբ ռեժիմ, որի կուլմինացիան պարետային ժամով 4-շաբաթյա սահմանափակումներն էին՝ բնականաբար հարակից տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումներով: Վերջինս ուղեկցվելու էր միջմարզային տեղաշարժի արգելքով և աշխատանքային օրերին երեկոյան սահմանված ժամից սկսած անձանց տեղաշարժի սահմանափակմամբ: Ընդ որում այս սցենարով նախատեսվում էին շաբաթ և կիրակի օրերին անձանց ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության լիարժեք սահմանափակումներ»,-ասաց Ավինյանն ու նշեց՝ գնահատվում էր, որ 10-շաբաթյա սցենարի գործարկման արդյունքում վարակի վերարտադրման գործակիցը կհաջողվի շեշտակիորեն նվազեցնել՝ այնպես, որ օրական նոր դեպքերը լինեն ընդամենը մի քանի տասնյակ: 

Այնուամենայնիվ, սահմանափակման կիրառման արդյունքում նաև ոչ բարենպաստ տնտեսական հետևանքներ էին լինելու: Եվ մշակված ռեժիմի շրջանակներում այդ ամբողջական ծախսը, այսինքն` նախնական հավանական ազդեցությունը գնահատվել է տարեկան համախառն ներքին արդյունքի 0,8 տոկոսի չափով: Այս գնահատումները, ինչպես նաև առողջապահական համակարգի ներկա պատաստվածությունը, որը հնարավորություն է տալիս սպասարկել հոսպիտալացված հիվանդներին, պատճառ են դարձել, որ այս պահին չկիրառվեն նմանատիպ խիստ սահմանափակումներ:

«Այնուամենայնիվ, ցանկացած պահի, երբ տեսնենք, որ առողջապահական համակարգը այլևս ի վիճակի չեն պատշաճ բուժսպասարկում իրականացնելու, վերսկսելու ենք նմանատիպ քննարկումները և նման սահմանափակումները կիրառելու ենք բացառապես 100 տոկոսանոց վերահսկելիության և կարգապահության ապահովման նախապայմանով»,-վստահեցրեց պարետը:

Միաժամանակ զարգացման գործընկերների և փորձագետների հետ համատեղ պարետատունը մշակում է մի շարք ոլորտների նկատմամբ գործող սահմանափակումների վերացման նոր կանոնների և ոլորտների կառավարման ծրագրեր: Մասնավորապես առաջիկայում կներկայացվեն կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտների աստիճանական վերաբացման ծրագրերը, որոնց իրագործումը սակայն կախված է լինելու համաճարակային իրավիճակից:

Ավինյանը նշեց, որ այդուհանդերձ նոր սահմանափակումների կիրառումը պետության համար շարունակում է մնալ ամենաանցանկալի տարբերակը: 

Կառավարությունը հուլիսի 13-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով

Հայաստանում հուլիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպքորոնցից 19865-նառողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11530 պացիենտԸնդհանուր առմամբկատարվել է 135 687 թեստավորում:Ընդհանուր առմամբկորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 573 դեպք: