Մեծ են ակնկալիքները, որ Հայաստանում արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու. պետությունը ներկայում դիտարկում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված օրենսդրական փոփոխությունների հնարավորություն: Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձագելու հարցով ԱԺ հատուկ նիստում:
«Արդեն չորրորդ անգամ արտակարգ դրության երկարացումը բոլորիս համար պետք է ավելի մեծ զգոնության և լրջության ազդակ լինի, մեր հավաքական վարքագիծը լրացուցիչ անգամ գնահատելու և համարժեք եզրակացություններ անելու առիթ դառնա: Երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն: Ներկա դրությամբ համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ, սակայն նաև կառավարելի՝ առողջապահական սպասարկման տեսանկյունից: Միաժամանակ, առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի դեռևս հնարավոր չի լինի սահմանել և վերահսկել գործող սանիտարահամաճարակային և այլ կանոնների պահպանում: Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու»,-ասել է Ավինյանը:
Կառավարությունը ներկայումս դիտարկում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված օրենսդրական փոփոխությունների հնարավորությունը՝ ներդնելով այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների արդյունավետ կազմակերպման նպատակով կիրառել այնպիսի գործիքներ՝ ներառյալ որոշ սահմանափակումներ և կանոններ, որոնք անհրաժեշտ և բավարար կլինեն վարակի տարածումը կանխարգելելու համար: Ավինյանը նկատել է, որ այդուահանդերձ, պետք է նաև հաշվի առնել, որ նույնիսկ այդ պարագայում հնարավոր չի լինելու արտակարգ դրության ժամանակ կիրառվող բոլոր գործիքների օգտագործումը ներկայիս ծավալով: Հետևապես հետագա կարգավորումների մասով ընտրությունը կրկին կախված է լինելու համավարակի զարգացման դինամիկայից:
Կառավարությունը հուլիսի 13-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Հայաստանում հուլիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպք, որոնցից 19865-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11530 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 135 687 թեստավորում:Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 573 դեպք: