298 դիտում, 2020.07.13 14:29

Տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում փոփոխություններ կատարվեցին

Տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում փոփոխություններ կատարվեցին

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոփոխություններ կատարվեցին տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում: Հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանի և Մխիթար Հայրապետյանի ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած օրինագծերի փաթեթի փոփոխությունները ներկայացրել է Վահագն Թևոսյանը:

«Առաջարկվել է, որ ազգային փոքրամասնությունների համար սահմանվի ֆիքսված եթերաժամանակ՝ շաբաթական կես ժամ տեսալսողական հեռարձակողի համար, 2 ժամ շաբաթական՝ Հանրային ռադիոյի համար: Առաջարկվում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը՝ որպես պարտավորություն, վերադարձնել օրենք»,- ասել է Թևոսյանը:

Օրենքների նախագծերի փաթեթում կատարվել են նաև մի շարք այլ փոփոխություններ, որոշ առաջարկներ էլ չեն ընդունվել փաթեթի հեղինակների կողմից:

Օրենքի նախագծով առաջարկվում է նոր լիազորություններով օժտել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչի հետևանքով կստեղծվի նոր մրցակցային միջավայր, և աստիճանաբար տարբեր փոփոխություններ կկատարվեն:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրենքների նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:

կիսվել նյութով -