320 դիտում, 2020.07.13 01:49

Անհանգստանալու և խուճապի կարիք չկա. Տավուշի մարզպետ

Անհանգստանալու և խուճապի կարիք չկա. Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների առնչությամբ  հորդորում  է խուճապի չմատնվել: Մարզպետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի՛ բարեկամներ, խնդրում եմ խուսափել ավելորդ հրապարակումներից և հետևել միայն պաշտոնական լրատվությանը։

Ինչպես նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ, բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա»,-գրել է Չոբանյանը:

Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկատվություն։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:  Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել  է ադրբեջանական զինուժի  2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։ Հիվանդանոցում մահացել է վիրավորներից ևս մեկը:

Շուշան Ստեփանյանը այնուհետև հայտնել է, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը:

«Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ստեփանյանը:

Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։

կիսվել նյութով -