344 դիտում, 2020.07.12 21:04

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը Շենգավիթում որոշ խախտումներ է արձանագրել

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը Շենգավիթում որոշ խախտումներ է արձանագրել

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում այսօրվա ստուգայցի արդյունքում որոշ խախտումներ են արձանագրվել․ դրանք ուղարկվում են պարետին՝  որպես անվտանգության կանոնները չպահպանողների հանդեպ կասեցման միջնորդություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցն այսօր կրկին այս վարչական շրջանում էր՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը դիտարկելու նպատակով։

ԱԱՏՄ մասնագիտական թիմն արձանագրել է, որ նախորդած իրազեկման, մշտադիտարկման, և ինչու ոչ, նաև կասեցման աշխատանքները հանգեցրել են տնտեսավարողների կողմից պարետի սահմանած նորմերն առավել բարեխղճորեն և ճշգրիտ պահպանելուն։

Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են․ դրանց արդյունքները ևս լավատեսական են՝ խախտումները զգալիորեն նվազել են։  Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։

Ցավոք, սակայն, դեռ կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից հետո ԱԱՏՄ «Թեժ գծով» ահազանգ է ստացվում, որ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ 24 ժամի փոխարեն գործունեության արգելքի 48 և 72 ժամյա կասեցումներ։

Արձանագրվող ամենալուրջ խախտումներն առնչվում են տնտեսավարողների մոտ դիմակ չկրելուն կամ պատշաճ չկրելուն, ախտահանման թերություններին, մարդկային կուտակումներին, դրանց չկառավարմանը, ջերմաչափմանը, փակվող աղբամանների առկայությանը, ժամը 10-12-ին միայն տարեցների սպասարկման կարգը չպահելուն և այլն։

Ատամնաբուժարաններում խախտումներն առավելապես վերաբերում են մանրէազերծման, նախամանրէազերծման, բժշկական թափոնների վերացման գործընթացներին։

ԱԱՏՄ-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մեծաթիվ են խախտումները նաև գեղեցկության սրահներում․ այստեղ կանոնների չպահպանումը ռիսկային է հատկապես այն առումով, որ հաճախորդն ու աշխատողը միմյանցից շատ փոքր հեռավորության վրա են գտնվում, ինչը վարակվելու հավանական ռիսկը մեծացնում է։

Խախտումներ թույլ տված տնտեսավարողների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն է ներկայացվում ՀՀ պարետին։ Անվտանգության կանոնների պահպանումն այլընտրանք չունի, այլապես կհետևեն վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։

կիսվել նյութով -