320 դիտում, 2020.07.12 19:32

ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի ջանքերով ընդլայնվել է Արցախի բարեկամների շրջանակը

ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի ջանքերով ընդլայնվել է Արցախի բարեկամների շրջանակը

Հայ Դատի հանձնախումբը պետք է կարողանա բոլոր պայմաններում աշխատանք ծավալել, մենք չենք կարող սպասել, որ աշխարհը մեզ հարմարվի: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի ատենապետ Հայկ Կայսերյանը՝ խոսելով համավարակի պայմաններում հանձնախմբի աշխատանքների մասին:

Կորոնավիրուսային վարակի պատճառով փոխվել է միայն հանձնախմբի մարտավարությունը, ռազմավարությունը մնացել է նույնը: Նախատեսված մի շարք ձեռնարկներ իրականացրել են առցանց:

«Նոր իրավիճակն, անշուշտ, բացասական երանգներ ունի, բայց դրականն էլ կա: Կորոնավիրուսի տարածման սկզբնական օրերին Հայաստանը և Ավստալիան նույն դժվարություններն ունեին. թե հայ, թե ավստարալացի խորհրդարանականները գրասենյակներում էին կամ տանը: Այս հանգամանքը մենք դրական առիթ նկատեցինք, որ նրանց իրար հետ կապենք: Անցյալ տարի խորհրդարանական պատվիրակություն է այցելել Հայաստան ու Արցախ և որոշեցինք այդ պատվիրակության անդամների մասնակցությամբ խորհրդակցություն կազմակերպել: Խորհրդարանականները լսեցին իրենց գործընկերներին, կիսվեցին փորձառություններով»,- նշել է Հայկ Կայսերյանը:

Նահանգներից մեկում էլ առցանց լսարան է կազմակերպվելու երիտասարդների համար, որի ընթացքում վերջիններս կարող են լսել Հայ Դատի առաջնահերթությունների, ծրագրերի մասին, հայտնել իրենց կարծիքները, հարցադրումներ անել: Առցանց լսարանը կկազմակերպվի ընթացիկ ամսվա երկրորդ կեսին:

ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատուն, խոսելով Արցախի հետ կապված ծրագրերի մասին, նշել է, որ դրանք ևս ընթացքի մեջ են: Ըստ Հայկ Կայսերյանի՝ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար, որպես նախապատրաստական քայլ, աշխատում են քաղաքապետարանների կամ նահանգային մակարդակով տարբեր ոլոտներում համագործակցություն ապահովել:

«Ավստրալիայի խորհրդարանի անդամներից Ջոն Ալեքսանդրը անցյալ տարի սեպտեմբերին այցելել էր Արցախ, եղել նաև Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում: Նրա միջնորդությամբ Արցախի և Ավստրալիայում գործող նմանատիպ կենտորի միջև կապ է հաստատվել: Ներկայումս աշխատում ենք երկու կենտրոնների միջև առցանց հանդիպում կազմակերպելու և հետագա համագործակցության ուղղությամբ»,- նշել է մեր զրուցակիցը:

Բացի դրանից, Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը ստեղծված իրադրության պայմաններում ակտիվացրել է Արցախի բարեկամների շրջանակի ընդլայնման աշխատանքները: Ավստրալիայի Արցախի բարեկամների խումբը բաղկացած էր մոտ 40  հոգուց՝ խորհրդարանի անդամներ, քաղաքական, հասարակական գործիչներ, որոնք հանդես են գալիս Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտապանության դիրքերից:

«Մենք կորոնավիրուսի ժամանակ աշխատանք ենք տարել, որպեսզի այդ խմբի թիվը մեծացնենք: Խմբին անդամակցելոով նրանք ճանաչում են Արցախի ինքորոշման իրավունքը, ադրբեջանցիների կատարած անարդարությունների դեմ արդարություն են պահանջում և իրենց ստորագրությամբ հաստատում դա: Նամակը և ստորագրությունը թվային եղանակով ներկայացրել ենք տարբեր գործիչների և ուրախ են հայտնել, որ հիմա Արցախի բարեկամների խմբի անդամների թիվը հասել է 53-ի»,- ասել է Հայկ Կայսերյանը՝ հավելելով, որ այդ գործում հաջողության են հասել, քանի որ կորոնավիրուսի պատճառով ավստրալացի գործիչները շատ զբաղված չէին ամենօրյա գործերով:

կիսվել նյութով -