392 դիտում, 2020.07.10 20:04

Կհիմնանորոգվեն Արմավիրի կենտրոնական փողոցը և Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը

Կհիմնանորոգվեն  Արմավիրի կենտրոնական փողոցը և Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը

Հուլիսի 10-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետի և Արմավիրի քաղաքապետի ուղեկցությամբ ծանոթացել է Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Արմավիր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության:  983.4 մլն դրամ ընդհանուր բյուջեով ծրագրի շրջանակում, բացի ճանապարհահատվածի հիմնանորոգումից, կառուցվելու է ամբողջովին նոր ջրահեռացման համակարգ , նորոգվելու են նաև մայթերը, փոխվելու են եզրաքարերը:

Պետբյուջեից հատկացված 518 մլն դրամ ֆինանսավորմամբ կհիմնանորոգվի նաև Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը։ Այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը Բագարան համայնքում հետևել է ճանապարհի վերանորոգման ընթացքին, որտեղ այս պահին իրականացվում են ջրահեռացման համակարգի անցկացման և հողային աշխատանքներ։ Շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում նախարարը քննարկել է աշխատանքների ժամանակացույցին վերաբերող հարցեր՝ հորդորելով աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետներում և պատշաճ որակով։

Ճանապարհահատվածի բարեկարգման անհրաժեշտության մասին նախարարը բարձրաձայնել էր անցած տարի սահմանամերձ Երվանդաշատ և Բագարան համայնքներում անցկացված «Փառատոնը սահմանին» խորագիրը կրող միջոցառումից հետո։ Բարեկարգ ճանապարհը կնպաստի տարածաշրջանում ներգնա զբոսաշրջության զարգացմանը՝ զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելով հնագույն մայրաքաղաքների պատմությունն ու անկրկնելի բնապատկերը։

կիսվել նյութով -