380 դիտում, 2020.07.10 19:33

Ընտրություններից հետո Արցախը միասնականության օրինակ է ցույց տալիս. Արմեն Սարգսյան

Ընտրություններից հետո Արցախը միասնականության օրինակ է ցույց տալիս. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արցախում ունե ած հանդիպումներից հետո զրուցել է լրագրողների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Արցախի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, իմ շատ սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ և՛ Հայաստանում, և՛ Արցախում կորոնավիրուսի համավարակը դեռևս բարձր մակարդակի վրա է, և հորդորում եմ ձեզնից յուրաքանչյուրին, որպեսզի պահպանեք առողջության բոլոր հնարավոր պաշտպանական նախապայմանները»,- ասել է ՀՀ նախագահը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ է այցելում Արցախ. «Հանդիպել եմ Արցախի Հանրապետության նոր ղեկավարներին Երևանում, սակայն այսօր այստեղ եմ՝ շնորհավորելու նորընտիր նախագահին և, միաժամանակ, արցախահայությանն, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ շատ բարձր մակարդակով անցկացրած խորհրդարանական և նախագահական ընտրությունների առթիվ, նաև նրանց, ովքեր, մասնակցելով ընտրություններին, չեն հաղթել, սակայն մասնակցությամբ նույնպես ցույց են տվել, որ Արցախը ժողովրդավարական և ազատ երկիր է և կարող է ամենաբարձր մակարդակով ընտրություններ անցկացնել»:

Նախագահ Սարգսյանը Ստեփանակերտում ունեցած հանդիպումները շատ օգտակար է համարել՝ նշելով, որ քննարկումների առանցքում միասնականության գաղափարն էր: «Արցախն ընտրություններից հետո միասնականության օրինակ է ցույց տալիս այն առումով, որ տարբեր քաղաքական ուժեր միավորվել են նույն կառավարության մեջ և ծառայելու են իրենց հայրենիքին, մեր հայրենիքին՝ Արցախի Հանրապետությանը,-ընդգծել է Արմեն Սարգսյանը: -Խոսեցինք նաև զարգացման տարբեր ուղղությունների մասին: Կարծում եմ՝ Արցախն ապագայի համար մեկ ընտրություն ունի, և այդ ընտրությունը հզոր պետություն լինելն ու մնալն է: Արցախի հիմնահարցն ուրիշ լուծում չունի, բացի հզոր Արցախից, և հզոր Արցախն, ունի չորս հիմնական սյուներ:

Առաջինն արցախահայության հայրենասիրությունն ու կամքն է, որն իր հետևից տանում է նաև ողջ հայության՝ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հայրենասիրությունը և նվիրումն Արցախին ու Արցախի արդար դատին:

Երկրորդ սյունը, կարծում եմ, բանակն է: Արցախն ունեցել է և այսօր էլ ունի հաղթական բանակ, և ամեն ինչ պետք է անենք, որ այդ բանակը մնա հիմնական սյուներից մեկը:

Երրորդ սյունն Արցախի տնտեսությունն է. հզոր Արցախը պետք է հզոր տնտեսություն ունենա, և այդ տնտեսության առանցքը գյուղատնտեսությունն է: Այս մասին մանրամասն ու գործնական քննարկում ունեցանք Արցախի նախագահի հետ, թե ինչպես Հայաստանի Հանրապետության նախագահը և իր գործընկերները կարող են օգտակար լինել և օգնել Արցախին, որպեսզի զարգանա երկրի տնտեսությունը:

Չորրորդ սյունը ժողովրդագրությունն է: Արցախը պետություն է, որը կարող է 2-3 անգամ ավելի շատ բնակչություն ունենալ, հետևաբար՝ մի քանի անգամ ավելի մեծ տնտեսություն, հետևաբար՝ ավելի մեծ բանակ»:

Նախագահ Սարգսյանն Արցախ այցը շատ արդյունավետ է համարել՝ նշելով. «Ուզում եմ վստահ լինեք, որ և՛ Հայաստանի նախագահը, և՛ վարչապետը, և՛ կառավարությունը, բոլորս Արցախի կողքին ենք, և ամեն ինչ պետք է անենք, որ Արցախի Հանրապետությունը շարունակի զարգանալ որպես ազատ, ժողովրդավար, հզոր երկիր»:

կիսվել նյութով -