432 դիտում, 2020.07.10 21:13

Լավրովը հայտարարել է աշխարհում միջուկային դիմակայության ռիսկերի աճի մասին

Լավրովը հայտարարել է աշխարհում միջուկային դիմակայության ռիսկերի աճի մասին

Վերջին ժամանակահատվածում լրջորեն մեծացել են միջուկային դիմակայության ռիսկերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. տեղեկացնում է «Իզվեստիա» թերթը:

«Ես համաձայն եմ, որ վերջին ժամանակաշրջանում միջուկային ռիսկերը մեծացել են, որ անվտանգության, միջազգային ռազմավարական կայունության ոլորտում իրավիճակը բացորոշ դեգրադացվում է: Պատճառները նույնպես ակնհայտ են` ԱՄՆ-ը ցանկանում է վերադարձնել համաշխարհային գերիշխանությունը և հաղթանակի հասնել այն բանում, որը նրանք անվանում են  գերտերությունների մրցակցություն, նրանք հրաժարվում են «ռազմավարական կայունություն» եզրույթից, այլ անվանում են ռազմավարական մրցակցություն: Նրանք ցանկանում են հաղթել»,- «Պրիմակովյան ընթերցումներ» միջոցառման ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարարը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ը ապամոնտաժում է սպառազինությունների վերահսկողության ճարտարապետությունը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմին, Լավրովը նշել է, որ դա Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերի ոլորտից չէ:

«Չեմ տեսնում ընդհանրապես որևէ շահ Ռուսաստանի համար Վաշինգտոնի ու Պեկինի միջև առևտրային պատերազմից: Մենք այդ ամենից շահ չենք ունենա ո՛չ ԵՄ-ի հետ հարաբերություններում, ո՛չ Հնդկաստանի հետ հարաբերություններում, որոնք մեզ համար ավանդաբար բարեկամական, ոչ կոնյունկտուրային բնույթ են ունեցել, և որտեղ փոփոխություններ ես չեմ ենթադրում»,- ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ այդ դիմակայությունը ոչ մի կերպ շահավետ չէ Եվրամիությանը և այլ երկրների:

Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև առճակատման այնպիսի մակարդակ է, որ բազմաթիվ քաղաքագետներ այն անվանում են երկրորդ սառը պատերազմ: Երկու երկրների առևտրային դիմակայությունը սկսվել է 2018-ի հուլիսին: Այն ժամանակ Վաշինգտոնը 25 տոկոս մաքսատուրք սահմանեց չինական 818 ապրանքատեսակի վրա: Պեկինը հայելային միջոցներ ձեռնարկեց:

Առևտրային գործարքի առաջին փուլի մասին համաձայնագիրը  կողմերը ստորագրեցին այս տարվա հունվարի 15-ին Վաշինգտոնում, սակայն ավելի ուշ երկրների հարաբերությունները կրկին սրվեցին կորոնավիրուսի համավարակի ֆոնին. ամերիկյան իշխանությունները մեղադրում են Չինաստանին, որ պաթոգենն այնտեղի լաբորատորիայում է ստեղծվել, որ վիրուսի տարածման մասշտաբները թաքցրել են: Չինաստանն էլ նույն կերպ հակադարձում է այդ մեղադրանքներին:

Նշենք նաև, որ 2018 թվականի փետրվարին ԱՄՆ-ն ընդունել է միջուկային նոր դոկտրին, որի համաձայն` իրեն կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու իրավունք է վերապահում: Բացի դրանից` Վաշինգտոնն ավարտել է երկրի միջուկային ուժերի արդիականացումը և սկսել նոր` փոքր հզորության հրթիռների մշակում:

կիսվել նյութով -