624 դիտում, 2020.07.10 17:08

Հայոց եկեղեցու պատմությունը պետք է շարունակել դասվանդել որպես առանձին առարկա. ՀՅԴ ՀԵՄ

Հայոց եկեղեցու պատմությունը պետք է շարունակել դասվանդել որպես առանձին առարկա. ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հետևում է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հրապարակած «Պետական չափորոշիչների մասին» նախագծի քննարկումներին, ասված է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության տարածած հայտարարության մեջ:

«Հարկ է արձանագրել, որ ԿԳՄՍ նախարարությունը մինչև օրս չի հրապարակել ոլորտի ռազմավարությունը, որը թույլ կտար հստակեցնել նախարարության առաջնահերթություններն ու տեսլականը, հասկանալ, թե որոնք են կրթական առաջնահերությունները, ինչպիսի հասարակության և քաղաքացու կերտմանն է միտված վարվող քաղաքականությունը։ Սակայն, առանց այդ փաստաթղթի, ԿԳՄՍՆ-ն արդեն ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» վիճահարույց և անընդունելի դրույթներ պարունակող օրենքի նախագիծը, այժմ էլ օրակարգ է բերվել հանրակրթական չափորոշիչների մասին կարևորագույն նախագիծ։

Մենք արձանագրում ենք՝ այս նախագծում տեղ են գտել խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ և նպատակադրումներ, որոնք մշտապես եղել և շարունակելու են մնալ մեր ուշադրության կենտրոնում․

Մասնավորապես՝

Նախագծով Հայոց եկեղեցու պատմություն առարկան դադարում է դասավանդվել որպես առանձին առարկա։

ՀՅԴ ՀԵՄ-ն անցած տարի արդեն հստակեցրել էր իր դիրքորոշումն այս հարցում՝ Հայոց եղեկեղցու պատմություն առարկան՝ որպես առանձին առարկա պետք է շարունակվի դասվանդվել դպրոցներում, քանի որ առարկայի շրջանակներում ուսումնասիրվող նյութերի և թեմաների զգալի մասը չի կարող ինտեգրվել որևէ այլ առարկայի մեջ։

Քրիստոնեական արժեհամակարգն ընկած է հայկական ինքնության հիմքերում, իսկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին բացառիկ դեր և նշանակություն ունի հայկական պետականության ստեղծման և պահպանման գործում, ուստի պետք է ըստ պատշաճի արժևորվի առաջին հերթին կրթական համակարգի պատասխանատուների կողմից։ Մինչդեռ, նախագծով առաջարկվող այս փոփոխությունը հայկական ինքնության և արժեհամակարգի դեմ տարվող տևական և հետևողական արշավի հերթական վկայությունն է։

Ներկայումս որպես առանձին առարկա դասավանդվում է Նախնական զինվորական պատրաստությունը (ՆԶՊ)։ Հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, մարտահրավեներն ու ռիսկերը, այս առարկայի և նրա բաղադրիչ հանդիսացող քաղպաշտպանության ըստ պատշաճի դասավանդումը դպրոցներում ազգային անվտանգությունից բխող անհրաժեշտություն է։

Առաջարկվող նախագծով ՆԶՊ-ն ներառվում է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի մեջ, որի ձևակերպումն իսկ չի ենթադրում Նախնական զինվորական պատրաստություն առարկայի ծրագրի առաջնահերթությունները։

Առաջարկվող նախագծով վերացվում է անբավարար գնահատականը։

Այս իրողությունը փաստացի նշանակում է, որ աշակերտը կարող է ավարտել դպրոցական ծրագիրն առանց ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված նվազագույն չափորոշիչները բավարարելու: Առանց մանրամասների կամ հայեցակարգի, սա խնդրահարույց է ողջ կրթական համակարգի համար։

Նախագծում՝ վերջնարդյունքների տեսքով արձանագրված մի շարք ձևակերպումներ՝ անհստակ առարկայական ծրագրերի պարագայում, կվերածվեն հայ հասարակության հիմքերն ու արժեհամակարգը խարխլող դպրոցական ծրագրերի։

Լրջագույն քննարկման առարկա են ինտեգրված առարկաների դասավանդման ձևաչափը, համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչների բացակայությունը, նոր դասագրքերի հարցը և ուսուցիչների կրճատման խնդիրը։

Հաշվի առնելով երկու տարվա ընթացում ԿԳՄՍ նախարարության և անձմաբ Արայիկ Հարությունյանի գործողությունները և հետապնդվող արժեհամակարգը՝ այս քայլերը մենք դիտարկում ենք կրթության համակարգից ազգային բաղադրիչի դուրս բերման հերթական փորձ, որն արժանանալու է մեր և հասարակության դիմադրությանը՝ դրանից բխող հետևանքներով», - ասված է հայտարարության մեջ: