346 դիտում, 2020.07.10 16:26

Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ ու հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ

Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ ու հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախ: Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել Արայիկ Հարությունյանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձով ու գիտելիքներով հաջողությամբ կշարունակի ծառայել հայրենիքին: «Ուզում եմ Ձեր միջոցով շնորհավորել նաեւ Արցախի ողջ ժողովրդին, որովհետեւ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին ժողովրդավարական ձեւով, -ասել է նախագահը՝ ավելացնելով: -Շնորհակալությունս փոխանցեք նաեւ նախագահական ընտրությունների մյուս մասնակիցներին, որոնք անձնապես չհաղթեցին, բայց հաղթեցին միասին՝ ցույց տալով աշխարհին, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլեւ ժողովրդավարական երկիր է, ինչպես նաեւ՝ ազատ երկիր, որտեղ անցկացվում են ազատ ընտրություններ:

Նրանք պետք է հպարտ լինեն, քանի որ իրենց ներդրումն ունեցան գործընթացում: Ուզում եմ Ձեզ, ինչպես նաեւ Արցախի բոլոր քաղաքացիներին նախ եւ առաջ մաղթել առողջություն: Վստահ եմ, որ հաղթահարելու ենք նաեւ այս դժվարին վիճակը եւ առաջ ենք գնալու՝ ամրապնդելով եւ՛ Հայաստանի Հանրապետությունը, եւ՛ Արցախի Հանրապետությունը»:

Շնորհակալություն հայտնելով՝ Արցախի նախագահը նշել է, որ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների մեծ մասը ներկա քաղաքական իշխանության մաս է կազմում եւ պատրաստակամ է ապահովել երկրի առաջընթացն ու զարգացումն, իսկ նրանք, ովքեր ներգրավված չեն, նույնպես շարունակում են իրենց գործունեությունը հանուն Արցախի:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաեւ Հայաստանի իշխանություններին՝ Արցախի զարգացմանն ուղղված գործնական ծրագրերին աջակցելու համար. «Ուզում եմ նշել, որ միասին մեզ հաջողվելու է ոչ միայն հաղթահարել իրավիճակն, այլեւ մեր հայրենիքի զարգացման ուղղությամբ առաջընթաց ապահովել»:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության հզորացման եւ զարգացմանն ուղղված ընթացիկ եւ հեռանկարային մի շարք ծրագրերի:

կիսվել նյութով -