348 դիտում, 2020.07.10 16:37

Բուժումն ավարտած փոքրիկ Էլենի և ծնողների նախաձեռնությունը

Բուժումն ավարտած փոքրիկ Էլենի և ծնողների նախաձեռնությունը

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի շահառու, բուժումն արդեն ավարտած Էլենի ու իր ծնողների նախաձեռնությամբ հիմնադրամի հանգանակության արկղ է տեղադրվել Արտաշատում իրենց պատկանող  խանութում: Այս մասին տեղեկանում են հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

«Աշխատանքային շաբաթը եզրափակենք հուզիչ նորությամբ․ մեր սիրելի Էլենը, որն արդեն բուժումն ավարտել է և տանն է, շատ էր ուզում աջակցել ներկայումս բուժում ստացող մյուս բալիկներին։

Այսպիսով՝ Էլենը և նրա ծնողները հանդես եկան նախաձեռնությամբ: Արտաշատ քաղաքում գտնվող և իրենց պատկանող խանութում օրեր առաջ տեղադրվել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հանգանակության արկղը, որի մեջ հավաքված ողջ գումարը կփոխանցվի հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժման ծախսերը հոգալու նպատակով»,- տեղեկացրել են հիմնադրամից ու շնորհակալություն հայտնել Էլենին և նրա ընտանիքին՝ իրենց ստացած հոգատարությունը այս ձևով վերադարձնելու համար։

 «Ժպիտների քաղաք»(«Սիթի օֆ Սմայլ») բարեգործական հիմնադրամը ստեղծվել է քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար։ Շահառու կարող են լինել 0-25 տարեկան երեխաներ և երիտասարդներ, որոնք ունեն քաղցկեղի կամ արյան հիվանդության ախտորոշում:

կիսվել նյութով -