346 դիտում, 2020.07.10 16:08

Երեխաները սովորելու են Հայ եկեղեցու պատմությունը՝ Հայոց պատմություն դասընթացի շրջանակում․ Արայիկ Հարությունյան

Երեխաները սովորելու են Հայ եկեղեցու պատմությունը՝ Հայոց պատմություն դասընթացի շրջանակում․ Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ քննարկումները չեն դադարում, հատկապես բուռն կրքեր են բորբոքվել այն հարցի շուրջ, որ Հայ եկեղեցու պատմությունն այլևս չի դասավանդվի որպես առանձին առարկա: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Կոչ եմ անում չտրվել սադրանքներին, ձեր երեխաները անցնելու են Հայ եկեղեցու պատմությունը Հայոց պատմություն առարկայի շրջանակում, շատ ավելի բարձր որակով, դրանք անջատ չեն, դասաժամը չի կրճատվելու»,- ասել է նախարար Հարությունյանը:

Հարցին, թե Հանրային քննարկման դրված հանրակրթության պետական չափորոշիչների նախագիծը քննադատության է արժանանում հատկապես Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասաժամերից հրաժարվելու համար: Եթե, օրինակ, Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանին՝ ձեր այդ որոշման պատճառով կունենանք սերունդ, որը չի իմանա քրիստոնեությունից տարրական գիտելիքներ, խաչակնքվել, և ընդհանրապես երեխայի գլխից դուրս է գալու, գիտակցությունից դուրս է գալու եկեղեցու կարևորությունը:

Նախարարը պատասխանել է, որ ամենասկզբից արդեն կա մի անճշտություն, որը լայնորեն տարածված է և որը լայնորեն շահարկվում է՝ այն է, որ Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասաժամերը կրճատվում են, և Հայ եկեղեցու պատմություն առարկան հանվում է դպրոցից: Դա ամենևին այդպես չի, և մենք սրա մասին խոսել ենք:

Իհարկե, որոշ շրջանակներ անընդհատ պետք է փորձեն այս թեման տաք պահել, բայց մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ մեր երեխաները դպրոցում սովորելու են և անցնելու են Հայ եկեղեցու պատմությունը, այսինքն՝ լիարժեք, այն ժամանակվանից, երբ որ հիմնադրվել է եկեղեցին, և մինչև մեր օրերը՝ այդ գիտելիքը ունենալու են մեր երեխաները Հայոց պատմություն դասընթացի շրջանակում: Որովհետև շատ տարօրինակ է, որ ոմանք փորձում են Հայ եկեղեցու պատմությունը տարանջատել հայ ժողովրդի պատմությունից և Հայոց պատմությունից: Մենք դա դիտարկում ենք որպես մեկ միասնական պատմություն, որովհետև Հայ եկեղեցին մե՛ր ժողովրդի եկեղեցին է, Հայ եկեղեցու պատմությունը մե՛ր պատմության անբաժանելի մասն է, Հայ եկեղեցու ստեղծած գիտելիքը մե՛ր երկրի և մե՛ր ժողովրդի գիտելիքն է: Այնպես որ, այդ տարանջատումները տարօրինակ են, մանիպուլյատիվ, և մեր հանրությանը կուզեմ առաջարկել և կոչ անել չտրվել այդ սադրանքներին, որովհետև ձեր երեխաները դպրոցներում անցնելու են Հայ եկեղեցու պատմությունը Հայոց պատմություն առարկայի շրջանակում, ավելին՝ այն մանիպուլյացիան, որ Հայ եկեղեցու պատմության առարկայի դասաժամը կրճատվում է, դա ամենևին այդպես չէ, և Հայոց պատմության դասընթացի շրջանակում է ավելանում այդ ժամը:

Նախարարը հավաստիացրել է, որ՝ Հայ եկեղեցու պատմությունը շատ ավելի լավ և շատ ավելի բարձր որակով է դասավանդվելու մեր երեխաներին Հայոց պատմություն առարկայի շրջանակում, քան այն ժամանակահատվածում՝ մինչև մեր օրերը, երբ այն ներդրվել է:

կիսվել նյութով -