կարևոր
1914 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-09 17:48

Հունաստանում առաջարկում են Աթաթուրքի տունը դարձնել պոնտոսցի հույների ցեղասպանության թանգարան

Հունաստանում առաջարկում են Աթաթուրքի տունը դարձնել պոնտոսցի հույների ցեղասպանության թանգարան

Ստամբուլում սուրբ Սոֆյայի տաճարի շուրջ ստեղծված իրադրությունը Հունաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունների հարց է, եւ Աթենքը պետք է կոշտ պատասխան տա, որը կհասկանան Անկարայում: Այդ մասին հայտարարել է Հունաստանի խորհրդարանական կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Տանասիս Միլոնասը:

Նրա խոսքով՝ կուսակցության դիրքորոշումն այն է, որ թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանը Սալոնիկում դարձնել պոնտոսցի հույների ցեղասպանության թանգարան: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սպասում է Պետխորհրդի որոշմանը սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու եւ այն թանգարանից մզկիթ դարձնելու հնարավորության վերաբերյալ եւ կվարվի այդ որոշմանը համապատասխան:

Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը, հուլիսի 2-ին քննարկել է սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու հարցը: Պետխորհուրդը կարծում է, որ տաճարի կարգավիճակը փոխելու համար բավարար է նախագահի հրամանագիրը: Սպասվում է, որ Պետխորհուրդի որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում:

Հունաստանը կարծում է, որ ցեղասպանության զոհ է դարձել ավելի քան 350 հազար պոնտոսցի հույն: Անկարան, իր հերթին, մեղադրանքները համարում է «ֆանտաստիկ», իսկ Հունաստանին մեղադրում քաղաքական նպատակներով «պատմական իրադարձություններն աղավաղելու մեջ»: Հարցին, թե կարող է դա կանգնեցնել Թուրքիայի նախագահին, կուսակցության ներկայացուցիչը պատասխանել Է. «Էրդողանը անվերահսկելի քաղաքական գործիչ է»: Թանգարանի կարգավիճակը փոխելու պլանները հակազդեցություն են առաջացրել բազմաթիվ երկրներում: