կարևոր
979 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-09 16:07

Կայացել է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով դատական նիստը․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր 17։30։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Իհարկե, քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ։ Հիմա դա կհաստատվի այս փուլում արդեն իսկ քրեական հետապնդումը դադարեցնելու մեր միջնորդությունը բավարարելու միջոցով, թե քննության, դա արդեն տեխնիկական հարց եմ դիտարկում»,- նշել է Արամ Վարդևանյանը։

Պաշտպանը հայտնել է, որ Արա Բաբլոյանի գործով այսօրվա դատական նիստում ներկայացվել են հիմնավորումներ, որոնք նախկինում քննության առարկա չէին դարձել։

«Օրինակ՝ Սահմանադրական դատարանը 2018 թ. մարտի 20-ին աշխատակարգային որոշմամբ փաստացի անդրադարձ կատարել էր օրենսդրական կարգավորումների արդյունքում Գագիկ Հարությունյանի կարգավիճակին՝ դիտարկելով նրան ոչ թե ՍԴ նախագահ, այլ ՍԴ անդամ այլևս։ Իսկ Հրայր Թովմասյանը մարտի 21-ին էր ընտրվել»,- ասել է նա։

Արամ Վարդևանյանը նաև նկատել է, որ 2018 թ-ի ՍԴ նախագահի ընտրությունների ժամանակ ԱԺ բոլոր խմբակցությունները մասնակցել են ընտրությանը․ «Որևէ մեկը գործընթացը անօրինակ չի դիտարկել, ինչպես օրինակ ականատես եղանք վերջերս տեղի ունեցած մեկ այլ աղմկահարույց իրադարձությանը ԱԺ-ում, խոսքը Սահմանադրական փոփոխությունների մասին է»։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա, 2018թ․ հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։