կարևոր
878 դիտում, 11 ամիս առաջ - 2020-07-09 14:15

ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը․ դատավոր Ազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հուլիսի 9-ին, որոշեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշումը մերժել։

Նշենք, որ դատավոր Ազարյանին ի աջակցություն ԲԴԽ նիստին ներկա էին նաեւ մի շարք փաստաբաններ, որոնք ԲԴԽ-ի որոշման հրապարակումից հետո ծափահարություններ հնչեցրին։ Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված հաղորդումը։ Վարույթ հարուցելու հիմքում նախարարությունը դրել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում Ազարյանի կողմից քննիչին ուղղված հետեւյալ արտահայտությունը. «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։ Ըստ նախարարության՝ այս խոսքերով դատավորն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաեւ ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ։ Ինքը՝ Ազարյանը հայտարարել էր, որ Հատուկ քննչական ծառայության պետին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով։