432 դիտում, 2020.07.09 12:45

Տանը հոսպիտալացման սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի արդեն մի քանի օր է չունենք. Արսեն Թորոսյան

Տանը հոսպիտալացման սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի արդեն մի քանի օր է չունենք. Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսով վարակված, հիվանդանոց տեղափոխվելու կարիք ունեցող և տանը սպասող հիվանդ ներկայումս չկա: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսի հետ կապված դրական լուր հաղորդելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետև մարդկանց զգոնությունը թուլանում է։ Վարչապետը հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս ունեինք տանը սպասող հիվանդների խումբ, որը հիմա չկա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս պահին տանը սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի արդեն մի քանի օր չկա:

«Նաև փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը և նրանք պետք է (հիվանդանոցից-խմբ.) տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, նրանց թիվը 13 է: Եթե ամփոփ ասեմ, ապա վիճակը մնում է կայուն, ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա», - ասաց նախարարը: 

Վարչապետ Փաշինյանը միաժամանակ ընդգծեց, որ վիճակն անկանխատեսելի է և առաջիկայում սպասվում է վերակենդանացման նոր բաժանմունքների բացում  «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցներում։

Հայաստանում հուլիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից 18000 -ն` առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 11641 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 129 166 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 535 դեպք։

կիսվել նյութով -