376 դիտում, 2020.07.08 15:34

Դանակահարել է ոստիկանին. Տորֆավան գյուղի բնակիչը ձերբակալվել է

Դանակահարել է ոստիկանին. Տորֆավան գյուղի բնակիչը ձերբակալվել է

2020թ. հուլիսի 7-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի 28-ամյա բնակիչը մուտք գործելով Վարդենիսի ոստիկանության բաժին, հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության հասցեին, որից հետո դուրս է հրավիրվել: Սակայն մուտքի դռան մոտ շարունակել է գոռգոռալ և հայհոյել, միաժամանակ բռունցքներով հարվածելով մուտքի դռանը:

Ոստիկանության աշխատակիցը, կարգի հրավիրելու նպատակով մոտեցել է նրան, սակայն 28-ամյա երիտասարդը չենթարկվելով իշխանության ներկայացուցչի օրինական պահանջներին, բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ և իր մոտ եղած դանակով հարվածել վերջինիս՝ պատճառելով ձախ ազդրի վերին միջին երրորդականի կտրած-ծակած, կրծքավանդակի ձախ կեսի թիկնային մակերեսի կտրած-ծակած մարմնական վնասվածքներ: Ոստիկանության աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ 28-ամյա երիտասարդը  ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է: