կարևոր
1831 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-08 16:55

Քանյե Ուեսթը մտադիր է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու

Քանյե Ուեսթը մտադիր է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու

Ամերիկացի ռեփ-կատարող Քանյե Ուեսթը պատրաստվում է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու: Այս մասին նա պատմել է հուլիսի 8-ին Forbes հանդեսում հրապարակված հարցազրույցում, հաղորդում է ТАСС-ը։

«Ես իմ թեկնածությունը որպես հանրապետական կառաջադրեի այն դեպքում, եթե չլիներ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող գործող նախագահ Դոնալդ Թրամփը: Եթե Թրամփն ընտրարշավում է, ապա ես կմասնակցեմ որպես անկախ թեկնածու»,-հայտարարել է Ուեսթը: Նա նշել է, որ այլեւս չի աջակցում Սպիտակ տան ներկայիս ղեկավարին, չնայած այն բանին, որ նրա կողմնակիցն է եղել վերջին տարիներին:

Միեւնույն ժամանակ երաժիշտը քննադատել է նաեւ դեմոկրատներից իր թեկնածությունն առաջադրող նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին՝ նրան հիշեցնելով աֆրոամերիկյան հանրակցությանը հասցեագրված հետեւյալ խոսքերը. «Եթե դուք չքվեարկեք իմ օգտին, ապա սեւամորթ չեք»:

Ուեսթի խոսքով՝ այդպիսի արտահայտությունները ռասիզմի դրսեւորում են: Ռեփերը հայտնել է, թե որպես փոխնախագահի պաշտոնի թեկնածու ինքն ընտրել է իր ընկերոջը՝ Վայոմինգի նահանգի քահանա Միշել Թիդբոլլին: Ընտրարշավի կարգախոսը կդառնա «ԱՅՈ» խոսքը, ճշտել է Ուեսթը:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարությունն իր անձի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն հրավիրելու նպատակ չունի իր God՚s Country նոր ալբոմի թողարկման նախաշեմին: Խոսելով արտաքին քաղաքականության ուղեգծի մասին՝ Ուեսթը նշել է, որ ինքը «դեռ չի ձեւակերպել այն», բայց մտադիր է «պաշտպանել Ամերիկան»: Նա նաեւ հայտարարել է, որ «սիրում Է Չինաստանը», իսկ կորոնավիրուսի համավարակը «չինացի ժողովրդի մեղքը չէ»։