306 դիտում, 2020.07.08 14:22

Ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատող օրինագիծը լրամշակվել է

Ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատող օրինագիծը լրամշակվել է

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն: Կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Փոխնախարարը նշել, որ առաջին ընթերցումից հետո օրինագծում փոփոխություններ են կատարվել, նախագիծը լրամշակվել է: Գալյանը հայտնել է, որ այդ փոփոխությունները տեխնիկական բնույթ են կրել: Պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն հնչեցվել:

Նախագծով նախատեսվում է ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Սահմանվել են նաև մի շարք այլ դրույթներ:

Փոխնախարարի խոսքով՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2 ը՝ ծանր հիվանդության հետևանքով:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվել է հունիսի 3-ին՝ 110 «կողմ» ձայնով:

կիսվել նյութով -