կարևոր
1775 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-08 14:09

Գործադիրն առաջարկում է ընդլայնել ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստ ստացողների շրջանակը

Գործադիրն առաջարկում է ընդլայնել ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստ ստացողների շրջանակը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

«Գործող կարգավորումներով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը չունի ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստի իրավունք: Առաջարկվում է վերանայել այս կարգավորումը, որով միկրոձեռնարկատիրության սուբյեկտը չաշխատող անձի կարգավիճակից անցում կկատարի դեպի աշխատող անձի կարգավիճակ»,- ասաց Սաիյանը:

Փոխնախարարը նշեց, որ օրենքի ընդունմամբ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը կարող է ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, կարող է նաև հավակնել ժամանակավոր անաշխատունակության նպաստի, եթե այդ ընթացքում հիվանդացել է, ինչպես նաև նրա մայրության նպաստը ևս կնշանակվի և կհաշվարկվի գործատուի կողմից: