404 դիտում, 2020.07.08 13:48

Վրաստանը կսկսի միջազգային ավիահաղորդակցությունը վերականգնել օգոստոսին

Վրաստանը կսկսի միջազգային ավիահաղորդակցությունը վերականգնել օգոստոսին

Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել վերականգնել ուղիղ ավիահաղորդակցությունը Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մերձբալթիկայի երկրների հետ, իսկ առաջին չվերթերը կսկսեն իրականացվել օգոստոսից Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն երթուղով: Այս մասին հայտարարել է միջազգային հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին, հաղորդում է ТАСС-ը։

«Վրաստանն առանց որեւէ նախնական պայմանների բացում է իր սահմանները Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ Ֆրանսիայի համար: «Լյութհանզա» ավիաընկերության հետ մենք արդեն համաձայնության ենք հասել 2020 թվականի օգոստոսից Մյունխենի ուղղությամբ շաբաթական երկու անգամ կանոնավոր չվերթեր սկսելու շուրջ»,-ասել է Չիկովանին:

Ինչպես նշել է վարչապետի խորհրդականը, հիշյալ հինգ երկրների քաղաքացիները կամ ռեզիդենտները կարող են ցանկացած նպատակով Վրաստան ժամանել օդային ուղիով եւ միայն ուղիղ ավիաչվերթերի միջոցով: Մինչեւ Վրաստանի սահմանը հատելը նրանք պետք է լրացնեն հատուկ հարցաթերթիկ, որտեղ կնշեն վերջին 14 օրվա ընթացքում իրենց տեղափոխությունների պատմությունը, վայրը, որտեղ նրանք կգտնվեն Վրաստանում եւ կոնտակտային տեղեկատվություն:

Վրաստանում մարտի 21-ից մինչեւ մայիսի 22-ը գործել է արտակարգ դրության ռեժիմ:

Վերջին տվյալներով՝ հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 963 դեպք: Կարանտինում է գտնվում ավելի քան 3,9 հազար մարդ։ Մահացել է 15 վարակակիր։

կիսվել նյութով -